Չինաստանում կմեկնարկի Tesla-ների զանգվածային վաճառքը

Ամերիկյան Tesla ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է սկսել չինական արտադրության Model 3 ավտոմեքենաների առաջին մատակարարումները լայն հանրությանը՝ Շանհայի իր գործարանում հունվարի 7-ին կայանալիք միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Շանհայում գտնվող Tesla-ի գործարանը ամերիկյան ավտոարտադրող ընկերության ծրագրի մի մասն է՝ կապված Չինաստանում իր դիրքերը կայունացնելու և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տեղի ունեցող առևտրային պատերազմի ռիսկերը նվազեցնելու հետ: Չինացի գնորդների համար Model 3-ը կարժենա $38 000, ինչը հնարավորություն կտա մրցակցել տեղական ավտոարտադրողների, մասնավորապես, NIO-ի և Xpeng Motors-ի հետ:

Model 3-ի առաջին գնորդները եղել են Tesla-ի 15 աշխատակիցները, որոնք և երկուշաբթի օրը ձեռք են բերել ավտոմեքենաները: Դրանք գործարանի կոնվեյերից դուրս էին բերվել հոկտեմբերին։

Ավտոմեքենաների վաճառքը տեղի է ունենում մոտ մեկ տարի անց գործարանի շինարարությունից, որը ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող Tesla-ի միակ գործարանն է: Ավտոմեքենաների արտադրության մեկնարկը տրվել է հոկտեմբերին, և Y մոդելի թողարկումից հետո նախատեսվում է տարեկան շուրջ 250 000 ավտոմեքենա թողարկել:

Tesla-ն հայտարարել է, որ իր առջև նպատակ է դրել մատակարարումները սկսել մինչև չինական Նոր տարին՝ հունվարի 25-ը: Իսկ Tesla China-ի գլխավոր գործադիր տնօրեն Վան Հաոն նշել է, որ ընկերությունն այս ամիս մեծացնելու է Model 3-ի մատակարարման չափաքանակը: