Չինաստանում աշխատանքից ազատվել են երկու պաշտոնյա, որոնք կարանտինային գոտի են ուղարկել մանկական ուղեղային կաթված ունեցող հաշմանդամ տղայի հորը։
Հայրը միակ մարդն էր, ով հոգ էր տանում հիվանդ որդու մասին ։ 16-ամյա Յան Չենը մահացել է անցյալ չորեքշաբթի, մեկ շաբաթ անց այն օրից, երբ նրա հայրն ու եղբայրը մեկուսացվել են կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով:
Այս ամբողջ ընթացքում, ինչպես հետեւում է հաղորդագրություններից, տղային կերակրել են ընդամենը երկու անգամ։
Դեպքի առիթով պաշտոնազուրկ են արվել կոմկուսի տեղական կոմիտեի քարտուղարը եւ քաղաքապետը տվյալ քաղաքի (Հուբեյ նահանգ), որտեղ ապրել է հաշմանդամ տղայի ընտանիքը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ տղայի հայրը չինական Weibo սոցցանցում օգնության կոչ է արել, որտեղ պատմել է, որ իր որդին տառապում է ուղեղային կաթվածով եւ ունակ չէ ինքնուրույն տեղաշարժվելու , սնվելու եւ իր մասին հոգ տանելու: Հայրը նշել է, որ որդին միայնակ է՝ զուրկ ջրից եւ սննդից:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ հետաքննություն կանցկացնեն դեռահասի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:
Հավելենք, որ Չինաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 17 հազար դեպք է գրանցվել, ընդ որում՝ 361 մարդ մահացել է: Երկրի սահմաններից դուրս հաստատվել է վարակի ավելի քան 150 դեպք, իսկ Ֆիլիպիններում գրանցվել է մահվան մեկ դեպք ։
ԱՀԿ-ն զգուշացնում է, որ վարակվածների թիվն ամենայն հավանականությամբ շարունակելու է աճել, իսկ ՉԺՀ իշխանությունները հայտարարել են, որ արվում է հնարավորը՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով: