ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին

Հայաստանի տեխնոլոգիական եւ գիտական մի շարք կառույցների ղեկավարներ ուղերձով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ նրանք կոչ են անում կառավարությանն ու Ազգային ժողովին աջակցել «Ֆիլիպ Մորրիս»-ին եւ համանման գործունեություն իրականացնող կազմակերպություններին՝ ի նպաստ Հայաստանում գիտահետազոտական, կրթական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու Հայաստանում այլ վերազգային գիտահետազոտական եւ բարձր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման։

«Մեծապես կարևորում ենք «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ոչ միայն բացառիկ եւ աննախադեպ են իրենց մասշտաբով եւ արդյունավետությամբ, այլեւ դրանց իրականացումը կարեւոր քայլ է Հայաստանը տարածաշրջանում որպես գիտական, կրթական եւ տեխնոլոգիական ոլորտների առաջատար կենտրոն դիրքավորելու գործընթացում»,- ասված է հայտարարության մեջ:

Անդրադարձ է կատարվում նաև նաեւ «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից տարբեր հիմնարար ուղղություններով (մաթեմատիկա, տվյալագիտություն, նյութագիտություն, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա եւ այլն) իրականացվող ծրագրերի եւ դրանց արդյունքում տարբեր ոլորտներում հետազոտական աշխատանքների թվի ավելացման, ինչպես նաեւ դրանց որակի եւ արդյունավետության բարձրացման մասին։

Նշվում է նաեւ, որ վերոնշյալ նախաձեռնությունների շրջանակում Հայաստանի առաջատար բուհերում ձեւավորվել են տվյալագիտության եւ ճարտարագիտության բնագավառներում կրթական, այդ թվում՝ մագիստրոսական ծրագրեր։

«Գտնում ենք, որ նման ծրագրերի եւ նախաձեռնությունների հետագա իրականացումն ունի կենսական նշանակություն հայաստանյան գիտահետազոտական և կրթական հաստատությոունների, ինչպես նաև Հայաստանում գիտության և տեխնոլոգիական համապատասխան ուղղությունների շարունակական զարգացումն ապահովելու համար»,- նշում են ուղերձի հեղինակները: