Ամերիկացիները սկսել են հազվադեպ գնել Corona ապրանքանիշի գարեջուր

ԱՄՆ-ում սկսել են ավելի քիչ գնել Corona ապրանքանիշի գարեջուր այն պատճառով, որ նրա անունն ասոցացվում է «կորոնավիրուս» բառի հետ։ Նման եզրակացության է հանգել 5w Public Relations անկախ PR գործակալությունը, որը հարցում է անցկացրել երկրի բնակիչների շրջանում։ Գարեջուրը խմող ամերիկացիների 38%-ը պատասխանել են, որ այս պահին ոչ մի դեպքում չեն պատրաստվում Corona գնել: Մշտապես Corona խմող ամերիկացիների 4%-ը հայտարարել են, որ կդադարեն այդ ապրանքանիշից օգտվել: 14%-ն ասել է, որ Corona չեն պատվիրի հասարակական վայրերում:

Չնայած այն բանին, որ բրենդը պնդում է, թե սպառողները հասկանում են, որ վիրուսի եւ գարեջրի ընկերության մեջ որևէ ընդհանուր բան չկա, միևնույն է՝ Corona-ի համար սա աղետ է. ո՞ր ապրանքանիշը կցանկանա, որ իր անունը կապեն վիրուսի հետ, որի հետևանքով ամբողջ աշխարհում մարդիկ են մահանում:

5w Public Relations-ը հարցում է անցկացրել փետրվարի 25-26-ին, որին մասնակցել է 737 ամերիկացի։ Ավելի վաղ, կորոնավիրուսի բռնկման պատճառով մարդիկ զանգվածաբար Google որոնողական համակարգում փնտրել են «գարեջուր, Corona, վիրուս » բառերը՝ փորձելով հասկանալ՝ կապված է, արդյոք, հիվանդությունը Corona գարեջրի հետ:

Հավելենք, որ փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն աշխարհում ավելի քան 83 000 է, դրա հետևանքով մահացել է շուրջ 2800 մարդ: