iPhone-ի արտադրությունը կվերականգնվի

Թայվանական Foxconn կազմակերպությունը, որի գործարաններում են հավաքում iPhone խելախոսները, խոստանում է, որ մարտի վերջին Չինաստանում կվերսկսի արտադրությունը՝ նախկին ծավալներով: Ընկերությունը ստիպված կրճատել էր արտադրության ծավալները Covid-2019-ի համաճարակի պատճառով: Reuters-ի տվյալներով, ընկերությունը ստիպված է եղել կատարել Չինաստանի իշխանությունների պահանջը, ընդ որում, շատ աշխատակիցներ, որոնք մեկնել էին Չինաստան լուսնային օրացույցով ամանորը նշելու, հայտնվել են կարանտինի մեջ ու չեն կարողացել վերադառնալ աշխատանքի: 

Foxconn-ի աշխտանքները մարտին վերականգնելու հույսերը պայմանավորված են Չինաստանում վարակվածների թվի կրճատմամբ: The Verge-ն ընդգծում է, որ աշխարհում վիրուսի բռնկման խոշոր այլ օջախներ էլ կան: Ընկերության ծրագրերը պետք է որ ուրախացնեն Apple-ին, սակայն, արի ու տես, որ Foxconn-ը Apple-ի չինական բազմաթիվ գործընկերներից մեկն է միայն, որոնք մասնակցում են Apple-ի սարքերի արտադրման գործընթացին:

Չնայած այս ամենին՝ խնձորային կայսրությունը վնասներ գրեթե չի կրել: Ավելի վաղ նա հրապարակել էր 2019 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Դրանից պարզ է դառնում, որ Apple-ի հասույթն ուղղակի ռեկորդային է եղել՝ 91.8 մլրդ դոլար: Այն 9%-ով ավելի է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը: