Գիշերային WhatsApp

Ինչքան էլ քննադատեք WhatsApp-ին իր խոցելիության ու մի շարք թերությունների համար, այն շարունակում է մնալ համար մեկ մեսինջերն ամբողջ աշխարհում: Այսօր դրա լսարանն անցնում է 2 միլիարդի սահմանը: Այնպես է ստացվել, որ օգտատերերը միևնույնն է, գոհ են այդ մեսինջերից: Պատճա՞ռը: Դե, անկախ ամեն ինչից այն շատ հարմար է օգտագործման համար, ամենակարևորը՝ տրամաբանական է, ինչը չես ասի մյուս մեսինջերների մասին: Երկու կարևոր թերություն կար, որոնք մինչև օրս հունից հանում էին օգտատերերին՝ iPad-ի համար տարբերակ չկա ու գիշերային ռեժիմ չի սպասարկում: Սակայն այսօր արդեն մեսինջերի թերությունները մեկով պակասեցին:

Կես տարվա քրտնաջան աշխատանքից հետո ծրագրավորողները վերջապես ավարտեցին գիշերային ռեժիմի փորձնական թեստը iOS-ի համար ու մարդամեջ հանեցին: Հարց է առաջանում, ինչու՞ այսքան երկար: Բանն այն է, որ գիշերային ռեժիմը դա շատ ավելի բարդ ֆունկցիա է, քան կարող է թվալ առաջին հայացքից ու չի սահմանափակվում միայն հետնամասը գույնը փոխելով: Անհրաժեշտ է փոխել գրեթե բոլոր կոճակների գույները, տառաչափերը ու ինտերֆեյսի այլ դետալները, որպեսզի դրանք չձուլվեն ֆոնի հետ:

Ինչպե՞ս միացնել գիշերային ռեժիմը

Հավելվածի թարմացված տարբերակն արդեն հասանելի է App Store-ում բոլոր օգտատերերի համար, անկախ տեղակայման վայրից ու երկրից: Սակայն գիշերային ռեժիմը ոչ բոլորին է հասանելի: WhatsApp-ում այդ ռեժիմն ուղղակի փոխկապակցված է ընհանուր գիշերային ռեժիմի հետ, որը հասանելի է միայն iOS 13 ու ավելի թարմ օպերացիոն համակարգերի համար:

Եթե ուզում եք ակտիվացնել գիշերային ռեժիմը մտեք հեռախոսի «Settings» բաժինը, հետո՝ «Display & Brightness», որից հետո՝ «Decor» ու հենց այդտեղից ակտիվացրեք գիշերային ռեժիմը: