Ականջի լուսանկար՝ ավելի լավ որակի ձայն ստանալու համար

Logitech G ընկերությունը նոր հավելված է թողարկելու, որը թույլ կտա ավելի խորն ընկղմվել Ձեր սիրելի խաղերի մեջ: Ներկայության պատրանքն ավելի կսրվի, շնորհիվ այս հավելվածի: Այն թույլ կտա ավելի պարզ ու իրականին ավելի մոտ լսել ու տարբերակել բոլոր ձայները, ասենք՝ պատերազմական իրավիճակ, մարտի դաշտ, ձեզ մոտեցող մարդկանց քայլեր, կամ մեքենաների շարժիչի ձայնը մրցավազքի ժամանակ:
Immerse հավելվածը մշակել ու թողարկել է Embody ընկերությունը, որը զբաղվում է տարածական աուդիո համակարգերի արտադրությամբ ու ակտիվ գործակցում է Logitech G-ի հետ: Ընկերությունն իր կայքում գրում է, որ Immerse-ը մշակել են, որպեսզի գեյմերները կարողանան ձայնն ընկալել այնպես, ինչպես դա լինում է իրական աշխարհում:

Immerse հավելվածն արհեստական բանականության միջոցով անհատականացված ձայնային պրոֆիլ է ստեղծում յուրաքանչյուր օգտատիրոջ համար: Երբ դուք գրանցվում եք հավելվածում, Immerse-ը պահանջում է, որպեսզի սկանավորեք հատուկ QR կոդը, իսկ հետո Ձեր սմարթֆոնով նկարեք Ձեր աջ ականջը: Արհեստական ինտելեկտն ուսումնասիրում է Ձեր ականջի բոլոր հատվածներն ու հասկանում՝ ինչպես են ձեր ականջներն ընկալում ձայնային ալիքները:

Immerse հավելվածն աշխատում է Logitech G-ի մի շարք սարքավորումների հետ, այդ թվում՝ G Pro X և Pro խաղային ապարատների, Logitech G533 խաղային սարքավորումների հետ: