Ճարմանդից ականջակալ․ Montblanc -ը գրոհում է տեխնոշուկան

Montblanc ընկերությունը, որը հայ սպառողին առավել հայտնի է լյուքս դասի աքսեսուարների արտադրությամբ (ժամացույց, գրիչ, ճարմանդ, պայուսակ և այլն),  թողարկել է իր առաջին անլար ականջակալը՝ MB 01 Smart։ Ինչպես որ կանխատեսվում էր, դրանք շքեղ են ու շատ թանկ՝ 595 դոլար, ինչպես նրա յուրաքանչյուր արտադրանքը։

Իրականում ականջակալների շուկան շատ մեծ է ու մրցակցային, ու նորեկներին այստեղ չեն սիրում։ Նրանք շատ խոցելի են ու հաճախ չեն դիմանում մրցակցությանը։ Բայց Montblanc-ի դեպքում դա արժե ստուգել։  Ինչպես հաղորդում է Engadget-ը, Montblanc-ը խորհրդակցել է Ալեքս Ռոսսոնի հետ, որը Audeze ընկերության սեփականատերերից մեկն է։ Ընկերությունը զբաղվում է բարձրակարգ աուդիոտեխնիկայի արտադրությամբ։ Դրանից բացի, ականջակալները թողարկելուց դեռ շատ առաջ, Montblanc—ի աշխատակիցները խորհրդակցել են բազմաթիվ բարձրակարգ դիզայներների և աուդիոինժեներների հետ։ Դա, իհարկե, բարձր որակի երաշխիք չէ, սակայն լավ սկիզբ է։

MB 01 ականջակալների վերին հատվածը, որոնք գրկում են գլուխը, պատված են ոչխարի կաշվով, իսկ հենց բուն ականջակալները սիլիկոնապատ են։ Կաղապարի համար  Montblanc-ն օգտագործել է ալյումինե փայլուն թիթեղ։ Առաջին հայացքից նոր ականջակալները հիշեցնում են մի քանի տարի առաջ թողարկված Parrot Zik մոդելը։

Կառավարումը շատ հեշտ է և ինտուիտիվ։ Նվագարկելու և երաժշտությունը դադարեցնելու կոճակը գտնվում է ականջակալի աջ հատվածում, ականջակալի բարձիկից մի փոքր վերև։ Գործում է նաև ակտիվ ձայնամեկուսացման համակարգ և Google Assistant-ին միանալու հնարավորություն, որը ղեկավարվում է ձայնի կարգավորիչով, հարկավոր է պարզապես սեղմել այն։

Հիմա մի քանի հաճելի նորամուծությունների մասին։ Ականջակալները լիցքավորվում են USB-C-ի միջոցով։  Montblanc-ը վստահեցնում է, որ ականջակալները կարող են միաժամանակ միանալ մի քանի սարքավորման։ Սա ուղղղակի նվեր է ձայնային ռեժիսորների և աուդիո մոնտաժի մասնագետների համար։ Ականջակալների վրա հեռավորությունը չափող տվիչներ կան, և սարքավորումներին մոտենալիս կամ դրանցից հեռվանալու դեպքում ականջակալներն ավտոմատ անջատվում են մի սարքավորումից և սահուն միանում հաջորդին։ Ականջակալները հագեցած են նաև USB-C-3,5 մմ լարով։ Սրանք նախատեսված են այն սարքերի համար, որոնք հագեցած չեն  bluetooth-ի կարգավորումներով։ Ականջակալներն արդեն այսօր հասանելի են շուկայում։