Թոփ 6 դասագրքեր սկսնակ ծրագրավորողների համար

Օր օրի ավելի է մեծանում ծրագրավորողի մասնագիտության պահանջարկը։  Այն բարձր վարձատրվող է, աշխատատեղ էլ՝ ինչքան ուզես։ Սակայն մի մեծ խաբկանք կա, որ լավ ծրագրավորող դառնալու համար հարկավոր է միայն հաճախել 6-ամսյա կուրսերի։ Դա այնքան էլ այդպես չէ։

Եթե դուք կարծում եք, որ ծրագրավորող դառնալու համար հարկավոր է սկսել ինչ-որ արագացված կուրսերից, չարաչար սխալվում եք։ Այդպես Դուք երբեք խորքային գիտելիքներ ձեռք չեք բերի ծրագրավորման մասին ու կմնաք շարքային սկրիպտեր գրող «բանվոր»։ Այդ ունակություններով կարիերայում առաջխաղացման մասին կարող եք անգամ չերազել։ Իսկական ծրագրավորողն իր մասնագիտական ուղին սկսում է տարատեսակ դասագրքերն ու գրքերը «կրծելով»։ Հիմնավոր գիտելիքներ ձեռք են բերում հենց այդ եղանակով։

Եվ այսպես, թոփ 6 դասագրքեր, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր սկսնակ ծրագրավորող։

Ի դեպ, հայերեն լեզվով դասագրքեր գրեթե չկան, կարելի է ասել միայն մեկն է, մնացած դեպքերում, կա՛մ շատ վատ են թարգմանված, կա՛մ ստիպված պետք է օգտվեք օտարալեզուաղբյուրներից։

6. JavaScript ծրագրավորման լեզվի տարրերը

Սա երևի թե միակ հայալեզու դասագիրքն է, որն ընդհանրապես արժե կարդալ։ Սրա առանձնահատկությունն այն է, որ այն ոչ թե պարզապես թարգմանել են, այլ գրված է հայ հեղինակի կողմից՝ հայերեն լեզվով։ Գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է լեզվի բոլոր առանձնահատկությունները՝ պատկերազարդ օրինակներով ու հետաքրքիր խնդիրներով։ Սկսնակների համար այս գիրքն իսկական նվեր է։ Հեղինակ՝ Արմեն Մարջինյան

5. Քրքրում ենք ալգորիթմները (Grokking algorithms, Грокаем алгоритмы)

Այս դասագիրքը հիանալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ալգորիթմների կառուցվածքը, տվյալների բազաներն ու դրանց օգտագործման եղանակները, բայց չգիտեն՝ ինչից սկսեն։  Սա կատարյալ սկիզբ է ինքնուս ծրագրավորողների համար։  Այստեղ հեղինակն անգամ բացատրում է՝ ինչ է լոգարիթմն ու ինչպես այն կառուցել, ինչ է գրաֆը ու էլի նման բաներ։  Այս գիրքը կարդալու համար ոչ մի նախապատրաստական աշխատանք հարկավոր չէ։  Մի կարծեք, որ նյութը կարող եք յուրացնել կարճ ժամանակում, սակայն շատ երկար ժամանակ էլ հարկավոր չէ։ Հեղինակ՝ Ադիտյա Բահարավա:

4. Համակարգչային ծրագրերի կառուցվածքն ու մեկնաբանությունը (Structure and Interpretation of Computer Programs, Структура и Интерпретация Компьютерных программ)

Շատերը կարծում են, որ այս դասագիրքը գոյություն ունեցողներից լավագույնն է, որով կարելի է ծրագրավորում սովորել։ Այս դասագրքում բացատրում են բացառապես ամեն ինչ՝ տարրական սինտաքսիսից, մինչև լեզվի մեջ լեզվի յուրացում։  Յուրաքանչյուր նյութին կից կա սխեմա, որն ավելի պատկերավոր է դարձնում ուսուցումը։ Սա կարելի է համարել ծրագրավորման դասական դասագիրք, որից կարող են օգտվել և՛ սկսնակները, և՛ ծրագրավորումից որոշակի պատկերացում ունեցող անձիք։ Հեղինակներ՝ Հարոլդ Աբելսոն և Ջերալդ Ջեյ Սասսման։

3. Դիսկրետային մաթեմատիկա ծրագրավորողների համար (Discrete Mathematics for Computer Science Дискретная математика для программиста)

Յուրքանչյուր ծրագրավորողի համար մաթեմատիկայի ամենակարևոր բաժինը դեսկրետն է։ Այս դասագրքում ամենայն մանրամասնությամբ բացատրվում է մաթեմատիկայի հենց այս բաժինը։ Շատ հետաքրքիր գրելաոճով հեղինակը բացատրում է ծրագրավորման հիմունքները, բազմաթիվ գրաֆերի, բուլյան ֆունկցիաների հիմունքները և այլն։  Բոլոր տեսական թեզերը բացատրվում են ամենապարզ օրինակներով, ինչը գիրքը հասանելի է դարձնում անգամ դպրոցականի համար։  Հեղինակ՝ Ռոդ Հագերթի։

2. Վերջնական կոդ (Совершенный код, Code Complete)

Առանց այս գրքի լավ ծրագրավորող դառնալը մի փոքր բարդ է։ Եթե խոսք է գնում որակյալ կոդի մասին, միանգամից հենց այս գիրքն է մտքիդ գալիս։  Այստեղ հեղինակը բացատրում է այնպիսի մանրուքներ, որոնք, չգիտես ինչու, բուհերում չեն սովորեցնում։ Հեղինակ՝ Սթիվ Մաքքոնել։

1 Էքստրեմալ ծրագրավորում (Экстремальное программирование)

Այստեղ դուք կսովորեք թեստավորել ձեր կոդը նույնիսկ մինչև այն գրելը։ Կարող եք այդ նպատակի համար ստեղծել Ձեր սեփական ֆրեյմվորքը, ու ամենակարևորը՝ դուք կհասկանաք թեստավորման կարևորությունը։  Հեղինակի պնդմամբ, այս գիրքը Ձեզ կօգնի գրել կատարյալ, ճկուն ու հասկանալի կոդ։ Հեղինակ՝ Քենթ Բեք։