Apple-ը տուգանվել է ռեկորդային թվով

Ֆրանսիայի իշխանությունները տուգանել են ամերիկյան Apple ընկերությանը, հակամենաշնորհային քաղաքականության օրենքը խախտելու համար: Տուգանքի չափը ռեկորդային է՝ 1.1 մլրդ դոլար: Այս ամսին տեղեկացնում է Ֆրանսիայի հակամենաշնորհային ծառայությունը:

Խնձորային կայսրությունը, սակայն, միակը չէ: Интерфакс-ը փոխանցում է, որ Ֆրանսիայի իշխանությունները տուգանել են նաև մեծածախ առևտրով զբաղվող Tech Data և Ingram Micro ընկերություններին, նույն օրենքը խախտելու համար, համապատասխանաբար՝ 76.1 և 63 միլիոն եվրոյով:

Apple-ի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր դեռ 2012 թվականին, eBizcuss ընկերության բողոքի հիման վրա: Այս ընկերությունը զբաղվում է Apple-ին համարժեք ապրանքների առևտրով: Արդյունքում ընկերությունը փակվեց՝ իր սնանկության մեջ մեղադրելով Apple-ին:

Հետաքննության արդյունքում խուզարկվեցին Apple-ի մի քանի գրասենյակներ և արդյունքում քննիչները եկան այն եզրահանգմանը, որ Apple-ը գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել Tech Data և  Ingram Micro ընկերությունների հետ: Պայմանավորվածության բովանդակությունը միմյանց հետ չմրցակցելն էր, նպատակը՝ շուկայից դուրս թողնել վերավաճառողներին: Այս ամենի պատճառով մեծածախ շուկան զրկվեց մրցակցությունից: Պայմանավորվածությունից ելնելով ընկերությունը անհավասար պայամաններով էր շուկային մատակարարարում իր արտադրանքը՝ առաջին հերթին համալրելով Tech Data-ի և Ingram Micro-ի պահեստները:

Սա Apple-ի այս տարվա առաջին տուգանքը չէ: Փետրվարին էլ Ֆրանսիան որոշեց խնձորային կայսրությանը տուգանել 25 մլն եվրոյով, քանի որ ընկերությունը ժամանակին չէր զգուշացրել, որ  iPhone-ի հին մոդելները սկսելու են դանդաղ աշխատել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Apple-ը 500 միլիոն դոլարի փոխհատուցում կտրամադրի հին iPhone-երի օգտատերերին: