Հեռավար ուսուցումն անհրաժեշտ է, բայց ոչ պարտադիր

Թեև համազգային կարանտինը դպրոցականների ամենամեծ նվերն էր ու հիմա նրանք իրենց զգում են, ինչպես դրախտում (բոլորս էլ եղել ենք այդ տարիքում), սովորել, սակայն, պետք է: Մեկ ամսով բոլոր կրթական հաստատությունների փակվելն ընդհանուր կրթական համակարգի վրա կարող է վատ անդրադառնալ: Իհարկե, կան բազմաթիվ հավելվածներ ու ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է հեռավար ուսուցում կազմակերպել: Համընդհանուր պարտադրանք, սակայն, չկա, այդ պատճառով ոչ բոլոր դպրոցներն են օգտվում այդ հավելվածներից:

Dasaran.am կրթական պորտալի ու համանուն կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը առաջարկել է հեռավար ուսուցման ամենահեշտ ու պրակտիկ ձևերից մեկը: Իր հրապարակած հոլովակում Սուրեն Ալոյանը  մանրակրկիտ բացատրում է ամբողջ գործընթացի էությունը, և յուրացնել այն կարող է յուրաքանչյուրը: Թեև սա պարտադիր չէ, իսկ նախարարությունն էլ սահմանափակվում է միայն հորդորներով, չի կարելի ասել, որ հարցին լուծումն արդեն կա: Սակայն որոշակի քանակով կմեղմի աշակերտների հարկադիր պարապուրդը:

https://www.facebook.com/Dasaran.am/videos/190832285702633/

Առաջինը հեռավար ուսուցման անցած դպրոցը ԱՅԲ-ն է: Ուսուցումը կազմակերպվում է microsoft teams ծրագրով: Ծրագիրը տրամադրել է ԿԳՄՍ նախարարությունն ու այն ունեն հանրապետության բոլոր դպրոցները: Երեխաները հեռավար ուսուցումից գոհ են: Անում են բոլոր դասերը, ընդհուպ մինչև ֆիզկուլտուրա: Երեխաներից մեկը (ում անունը չենք նշում) itTREND-ի հետ զրույցում (ծնողի գիտությամբ) նշեց, որ նույնիսկ ավելի հաճելի է հեռավար ուսուցումը: Էլ կարիք չկա երկար պատրաստվել, ավտոբուս նստել, ինչ-որ նյութեր հավաքել, տպել: Պարզապես արթնանում ես ու նստում համակարգչի առջև: Նույնիսկ կարող ես հընթացս նախաճաշել:

Ծրագիրը պարտադիր է բոլոր դպրոցականների համար, ներկա-բացականներով: Ծնողներն էլ ընդհանուր առմամբ գոհ են, պարզապես, ըստ նրանց, մի փոքր ծրագրային ապահովումն է թույլ, ու երեխաները կարողանում են հեշտությամբ շեղվել. այնտեղ չաթերի հնարավորություն կա, ինչն էլ հաճախ շեղում է երեխաներին: Նույնիսկ զավեշտալի դեպք էլ է պատահել, ցածր դասարաններում երեխաները միմյանց դուրս են հրավիրել վիրտուալ դասարանից:

Սրանք, սակայն, աննշան թերություններ են: Ընդհանուր առմամբ, ԱՅԲ-ն այն եզակի դպրոցներից է, որը շատ արագ ինքնակազմակերպվեց:

Հեռավար դասընթացների չելենջին է միանում նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի մասնակցությամբ։ Այսուհետ Հանրայինի եթերում նա ամեն օր դասընթաց կվարի, որպեսզի աշակերտները հետ չընկնեն ուսումնական ծրագրից։

https://www.facebook.com/ArmPublicTV/videos/247446356275663/

Մի հետաքրքիր նորություն էլ կա։ Mediamax.am գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը նույնպես ընդգրկվել է հեռավար ուսուցման ծրագրում։ Սա հայ ժողովրդի պատմությանը վերաբերող լավագույն նախագծերից մեկն է, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներակայացվում է Առաջին հանրապետության տարիների թոհուբոհը։

Ընդհանուր առմամբ հեռավար ուսուցման ծրագրերն ու հավելվածներն առավել քան շատ են: Հարկավոր է պարզապես ընտրել դրանցից ամենահարմարն ու պարտադիր դարձնել բոլոր դպրոցականների համար: