Ընկերությունը վստահեցնում էր, որ ազատ խոսքի իր իրավունքը ոտնահարվել է։
Դաշնային դատարանը որոշեց, որ Twitter-ը իրավունք չունի բացահայտել ԱՄՆ-ի կառավարության այն հարցումները, որոնք նախատեսված են այս կամ այն քաղաքացուն հետևելու համար։ Այսինքն, երբ ԱՄՆ կառավարությունը հարցում է ուղարկում Twitter-ին, որպեսզի վերջինս տա այս կամ այն քաղաքացու տվյալները, լրտեսության համար, ապա Twitter-ն այդ մասին բարձրաձայնելու իրավունք չունի։
Այս որոշումը վերջակետ դրեց արդեն վեց տարի ձգվող դատավարությանը, հաղորդում է Reuters-ը։
Դաշնային դատարանը եզրակացրել էր, որ կառավարության հարցումների թվի հրապարակումը կարող է լուրջ վտանգ սպառնալ ԱՄՆ անվտանգությանը։
Twitter-ը արդարադատության նախարարության դեմ դատական հայց էր ներկայացրել 2014 թվականին։ Հայցում նա վստահեցնում էր, որ ազատ խոսքի իր իրավունքները ոտնահարված են, քանի որ կառավարությունն արգելել էր նրան հրապարակել հարցումների քանակը։ Նույն այդ ժամանակ մյուս ընկերությունները, այնպիսիք, ինչպիսիք Google-ը և Facebook-ն են, կարողացել էին համաձայնության գալ կառավարության հետ նույն 2014 թվականին, որպեսզի կարողանան լայնորեն տարածել ազգային անվտանգությանն ուղղված հարցումները։ Twitter-ին սա չէր բավարարել։ Այն ժամանակ սոցցանցի քաղաքական տնօրեն Ջերեմի Կասսելը գրել էր, որ Twitter-ին, կամ նմանատիպ որևէ ընկերությանը թույլատրել լայնորեն տարածել միայն ազգային անվտանգությանն ուղղված հարցումները, կարող է լրջորեն վնասել ընկերության թափանցիկ քաղաքականությանն ու ընդհանրապես հողին հավասարեցնել նրա վարկանիշը։
The Verge օնլայն պարբերականի հարցմանն ի պատասխան ընկերության ղեկավարությունը գրել էր, որ հիասթափված են դատարանի նման որոշումից, սակայն նրանք կշարունակեն իրենց պայքարը հանուն թափանցիկ քաղաքականության։ Նա նաև հավելել էր, որ կարծիքի արտահայտման ազատությունը մեր գոյության անկյունաքարերից մեկն է։