Huawei-ն իր պրոմո-հոլովակում օգտագործել է պրոֆեսիոնալ տեսախցիկի օգնությամբ արված լուսանկարը։ Հոլովակը նվիրված էր Huawei-ի սմարթֆոններից արված լուսանկարներին։ Այդ փաստին առաջինն ուշադրություն դարձրեց Հուապեն Չժաոն, որը 2018 թվականին iPhone Photo Awards-ում երկրորդ տեղն էր զբաղեցրել։
Չժաոն պատմում է, որ մի քանի անգամ տարբեր տեղերում տեսել է Huawei-ի հոլովակն ու լուսանկարներից մեկը նրան ծանոթ է եղել։ Բլոգերը սկսել է կասկածել, որ լուսանկարն արված է ոչ թե սմարթֆոնով, այլ պրոֆեսիոնալ տեսախցիկի օգնությամբ։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Չժաոն ճիշտ էր։ Լուսանկարը ներբեռնվել էր 500px կայքում ավելի վաղ, քան կհայտնվեր Huawei-ի պրոմո հոլովակը։ Լուսանկարի հեղինակը Սյու Տային էր, որը լուսանկարել էր ափամերձ մայրամուտը Nikon D850 տեսախցիկով։ Ի դեպ, այդ տեսախցիկն արժե 3000 դոլար։
Այն բանից հետո, երբ Չժաոն ուշադրություն դարձրեց խնդրի վրա, Huawei-ն անմիջապես ներողություն խնդրեց Weibo-ով։ Նաև հավելեց, որ լուսանկարը վերցրել են Huawei-ի Next-Image ծառայությունից, որտեղ հնարավոր է ներբեռնել լուսանկարներ ցանկացած սարքավորումներից։