COVID-19-ի պատճառով միլիոնավոր մարդիկ ամեն օր մնում են տանը եւ աշխատանքային կամ ուսումնական ժամերն անցկացնում գաջեթների հետ միասին: Նույնիսկ տանը նստած և ինքնամեկուսացման մեջ գտնվելով՝ չպետք է մոռանալ մաքրության պահպանման մասին, հատկապես համակարգչային տեխնիկայի եւ այլ էլեկտրոնիկայի հետ կապված, որոնց վրա շատ հեշտությամբ փոշի և միկրոօրգանիզմներ են հավաքվում:
Օրվա ընթացքում օգտատերը շոշափում է բազմաթիվ առարկաներ եւ վերադառնում է նոութբուքի աշխատանքին՝ սարքի վրա տեղափոխելով տարբեր մակերեսների վրա առկա մանրէներ եւ վիրուսներ:
HP ընկերությունը բացատրում է, թե ինչպես պետք է պատշաճ կերպով հոգ տանել համակարգչի եւ այլ էլեկտրոնիկայի մասին կարանտինի ժամանակ և ներկայացնում մանրամասն ինֆոգրաֆիկա:
Մասնագետները խորհուրդ են տալիս մանրակրկիտ մաքրել սարքի մակերեսները, իսկ հետո ախտահանել դրանք վիրուսային հիվանդությունների կանխարգելման համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել մաքրող միջոցներ, որոնք պարունակում են իզոպրոպիլային սպիրտ և չօգտագործել կենցաղային լուծույթները, որոնք կարող են վնասել էլեկտրոնիկան: Խորհուրդ չի տրվում օգտագործել սպիտակեցնող լուծույթներ, պերօքսիդներ (այդ թվում ՝ ջրածնի պերօքսիդ), ացետոն, ամոնիակ, էթիլային սպիրտ, մեթիլենքլորիդ: