Ռոբոտները սնունդ կհասցնեն բրիտանացի բժիշկներին

Մեծ Բրիտանիայի Միլթոն-Քինս քաղաքում առողջապահության ազգային ծառայության աշխատակիցների տրամադրության տակ գտնվող ռոբոտները բուժանձնակազմին խանութներից սնունդ կհասցնեն: Այս մասին հաղորդում է Bangkok Post պարբերականը:

Մեծ Բրիտանիայում որոշ բուժաշխատողներ Covid-19 կորոնավիրուսի համաճարակի տարածման պայմաններում աշխատում են շաբաթական 80 ժամ (օրական ավելի քան 10 ժամ) եւ չեն հասցնում նույնիսկ գնալ խանութ: Հետեւաբար, ռոբոտներ արտադրող Starship ընկերությունը, որոշել է օգնության ձեռք մեկնել բժիշկներին:

Ռոբոտները, որոնք անվավոր պլաստիկ տուփեր են հիշեցնում, կարող են միանգամից տեղափոխել մթերքով լցված մի քանի պայուսակ: Միլթոն-Քինսում ժամանակակից այս գաջեթները երկու տարի է՝ ինչ գործում են, իսկ պանդեմիայի ընթացքում ռոբոտների «ավտոպարկն» ուղղակի համալրվել է 70 -ով:

Հատկանշական է, որ ռոբոտներից օգտվում են ոչ միայն բժիշկները, որոնք ժամանակ չունեն խանութ այցելելու համար, այլեւ հասարակ բրիտանացիները, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ եւ նախընտրում են տնից դուրս չգալ նույնիսկ մթերքի պատճառով: