Huawei ընկերությունն արդեն մի քանի տարի է հեռախոսներում ներդրված տեսախցիկների որակով շուկայի միանձնյա առաջատարն է։ Նրա սմարթֆոնները գրեթե միշտ հայտնվում DxOMark-ի վարկանիշային աղյուսակների առաջին տեղում և ստանում են բազմաթիվ մրցանականեր այդ ոլորտում նորարարությունների համար։ Ճիշտ է, սկանդալների կենտրոններում էլ ընկերությունը հայտնվում է ոչ պակաս հաճախ, բայց, ինչևէ։
Դրանից բացի, Huawei-ն առաջիններից մեկը շուկա հանեց ծալովի էկրանով սմարթֆոնները։ Հիմա արդեն չինական հսկան պատրաստվում է թողարկել ծալովի էկրանով սմարթֆոններ, որոնք հագեցած են պերիսկոպային տեսախցիկով։ Տեղեկատվությունը հաստատվեց չինական ԶԼՄ-ներում, երբ ցանցում հայտնվեցին սմարթֆոնի արդեն պատենտավորված լուսանկարները։
Պատենտավորելու հայտն ընկերությունը ներկայացրել է անցյալ տարվա վերջին, սակայն միայն վերջերս է հաստատվել։ Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես լուսանկարում է, ապա սմարթֆոնը կստանա մի հսկայական էկրան, որը ծալվում է մշտական անկյան տակ, որպեսզի հնարավորություն լինի էկրանը տեղափոխել հետին հատվածի վրա։
Նոր սմարթֆոնի էկրանը մեծամասամբ ներս կծալվի, որով այն ավելի նման է Samsung Galaxy Fold-ին, քան Huawei Mate Xs-ին։ Սմարթֆոնը հագեցած է տեսախցիկների մեկ ընդհանուր բլոկով, որից դուրս են գալիս չորս տեսախցիկները։ Չորրորդ տեսախցիկի ձևից ու անցքից դատելով, մասնագետները եկել են այն եզրակացությանը, որ այն պերիսկոպային է։
Այդ տեսախցիկը կարելի է օգտագործել նաև սելֆիի համար, քանի որ նրա կողքին փոքրիկ էկրան է տեղակայված։