17-ամյա դպրոցականն օգնել է նոր մոլորակի բացահայտմանը

Հունվարի 7-ին NASA-ն հայտարարել է նոր՝ TOI 1338b մոլորակի հայտնաբերման մասին, որը գտնվում է Երկրից 1300 լուսային տարի հեռավորության վրա եւ պտտվում է միանգամից երկու աստղերի շուրջ: Արտասովոր է ոչ միայն այս փաստը, այլեւ այն, որ նոր մոլորակը բացահայտել է 10-րդ դասարանի աշակերտ Վոլֆ Քուկիերը(Wolf Cukier) ԱՄՆ-ից:

17-ամյա պատանին 2019թ ամռանը հրավերք է ստացել NASA-ից՝ երկամսյա ստաժավորում անցնելու նպատակով: Հունիսին նա Նյու Յորքից ուղեւորվել էր Գոդդարդի անվան տիեզերական թռիչքների Կենտրոն: Նրա առաջին առաջադրանքը եղել է էկզոմոլորակների որոնման TESS աստղադիտակի առաքելության շրջանակում աստղերի պայծառության փոփոխության դիտարկումը:

NASA-ն իրականացնում է TESS Planet Hunters նախագիծը, որը կամավորներին թույլ է տալիս օգնել գիտնականներին` բացահայտելու նոր մոլորակներ: Ստաժավորման առաջին օրերին Քուկիերն ուսումնասիրելիս է եղել կամավորների հավաքած տվյալները երկու աստղերից կազմված համակարգի մասին , երբ նրանց ուղեծրում տարօրինակ ստվեր է նկատել: Սկզբում նա մտածել է, որ դա աստղային խավարում է, իսկ հետո պարզ է դարձել, որ այն ոչ թե ուղղակի ստվեր է, այլ մոլորակ: Այդ օրը Վոլֆի՝ NASA-ում ստաժավորում անցնելու 3-րդ օրն էր:

NASA-ի աշխատակիցները ստուգել եւ հաստատել են Քուկիերի ենթադրությունը: Պատանի <<գյուտարար>>-ը պատմել է, թե դեռ չի որոշել՝ ինչով է զբաղվելու դպրոցից հետո, սակայն հաստատապես շարունակելու է ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ուսումնասիրությունը: Նա մտադիր է ընդունվել Սթենֆորդի, Փրինսթոնի կամ Մասաչուսեթսի համալսարան ։