Մյանմարում ինտերնետ մատակարարող ընկերությունները իշխանությունների պահանջով արգելափակել են Facebook ընկերության տարբեր ծառայությունների հասանելիությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կապի և տեղեկատվության նախարարության հաղորդագրությունը։
«Ներկայում կան մարդիկ, որոնք, Facebook-ն օգտագործելով, սպառնալիքի տակ են դնում երկրի կայունությունը, անարժանահավատ նորություններ և ապատեղեկատվություն են տարածում, ինչպես նաև մարդկանց մեջ թյուրըմբռնումներ են առաջացնում»,- գործակալությունը մեջբերում է նախարարության հայտարարությունը:
Նշվում է, որ Facebook-ի ծառայությունները կարգելափակվեն մինչև փետրվարի 7-ը:
Facebook-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը Մյանմարի իշխանություններին կոչ է արել վերականգնել սոցիալական ցանցի հասանելիությունը։
«Մենք իշխանություններին կոչ ենք անում վերականգնել սոցցանցի հասանելիությունը, որպեսզի Մյանմարում մարդիկ կարողանան շփվել իրենց ընտանիքների և ընկերների հետ»,- հայտարարել է Սթոունը:
NetBlocks միջազգային ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ Մյանմարից օգտատերերը խնդիրներ ունեն նաև Instagram սոցիալական ցանցի, ինչպես նաև WhatsApp և Messenger հավելվածների հետ: Բոլոր այդ ծառայությունները պատկանում են Facebook-ին։
Օրերս հաղորդվել էր, որ Մյանմարում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
Մյանմարի զինվորական հեռուստատեսությունը հաղորդել է երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Այս առնչությամբ զինվորականները հայտարարել են, որ ձերբակալություններն անցկացրել են ի պատասխան «ընտրությունների կեղծման», որոնք երկրում անցկացվել են 2020 թվականի նոյեմբերին 8-ին։