Երբ դիմում ենք Google trends կայքին, արդեն պարզ է դառնում, թե հայերն ինչ են անում Google-ում, ի՞նչ են փնտրում ու ինչի՞ն են հետևում։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին 30 օրերի ընթացքում ամենաշատը փնտրել են Синий кит արտահայտությունը։
Սա անհանգստացնող է, քանի որ մի քանի տարի առաջ, ԶԼՄ-ների թեթև ձեռքով, Ռուսաստանում իրականություն դարձած քաղաքային լեգենդը կարծես թե թափանցում է Հայաստան։ Իրականում գոյություն չունեցող օնլայն քվեստը ցանկացած պահի կարող են իրականություն դարձնել մի քանի արկածախնդիրներ, եթե զգան, որ զառանցանքը թափ է հավաքում։ Գիտական աշխարհում դա հատուկ տերմին էլ ունի՝ «մարգարեության նախապաշարմունք»։ Այսինքն, երբ ինչ-որ մեկը քեզ ասում է, որ սուրճի բաժակում տեսել է, թե իբր այսօր ռոմանտիկ հանդիպում ես ունենալու, դու սկսում ես դրան պատրաստվել։ Գեղեցկանում ես, գնում ես այգի կամ ակումբ ու հանդիպումը տեղի է ունենում։ Դու ամեն ինչ անում ես, որ հանդիպումը տեղի ունենա։
Նույնն էլ չարաբաստիկ Синий кит-ի մասով է։ Քաղաքային լեգենդը կարող է մի օր իրականություն դառնալ, քանի որ բոլորը սկսել են խոսել դրա մասին, իսկ դա անհետևանք մնալ չի կարող։ Իսկ իրականում նման քվեստ գոյություն չի ունեցել երբևէ։ Այն պոպուլյար դարձավ ռուսական պարբերականներից մեկի հոդվածից հետո։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական կայքերում նման հեշթեգեր սկսել են հայտնվել լրատվականի հրապարակումից հետո, ոչ թե առաջ, ինչն արդեն շատ բանի մասին է խոսում։
Իսկ Հայաստանում դրա մասին սկսեցին խոսել 15-ամյա տղայի ինքնասպանություից հետո, երբ որոշ հոգեբաններ, առանց որևէ ուսումնասիրության, թվերի, վիճակագրության, պարզապես սկսեցին մերկապարանոց հայտարարություններ անել, թե Հայաստանում մեծ թափ է հավաքում չարաբաստիկ խաղը։ Գուցե տղան իսկապես դրա պատճառով է ինքնասպան եղել, գուցե կան այլ պատճառներ, դա քննությունը ցույց կտա։ Իսկ մերկապարանոց հայտարարություններով կեղծ խուճապ ստեղծելը դա հեչ տեղին չէ։ Հավատացեք կան ավելի կարևոր հարցեր, որոնցով իսկապես արժե անհանգստանալ կամ, նույնիսկ, խուճապի մատնվել։ Օրինակ՝ ի՞նչ կլինի, եթե Երևանում երկրաշարժ տեղի ունենա։ Մտածեք այս հարցի շուրջ։