TIGER․ Hyundai-ն «քայլող» մեքենա կստեղծի (լուսանկարներ, տեսանյութ)

Hyundai ընկերությունը որոշել է զարգացնել «քայլող» մեքենայի գաղափարը, որն առաջին անգամ ներկայացրել էր 2019-ին՝ ցուցադրելով TIGER կոնցեպտը, գրում է The Verge-ը։

Ընկերության խոսքով՝ այն ունիվերսալ տրանսպորտային միջոց է, որը կարող է օգնել որոնողափրկարարական աշխատանքներին, գիտական հետազոտություններին, ռազմական, հետախուզական և տիեզերական առաքելություններին, ինչպես նաև տարերային աղետի կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ պարենի կամ դեղորայքի առաքում իրականացնել։

TIGER-ը (Transforming Intelligent Ground Excursion Robo) լիովին ինքնավար է, ուստի ուղևորների համար նախատեսված տեղեր չկան: Առօրյայում այն հանդես կգա անիվներով, բայց խոչընդոտների հանդիպելիս՝ անիվների փոխարեն գործի կդնի «ոտքերը, որը մեքենային թույլ կտան նմանակել ինչպես կաթնասունների, այնպես էլ սողունների քայլվածքը»։

Hyundai-ի ներկայացուցիչները հայտնել են, որ TIGER-ի վերջնական տարբերակը կարող է հաղթահարել ամենաանանցանելի ճանապարհները և նույնիսկ անցնել պատերի միջով: Ըստ մտահղացման՝ այն կարելի է անօդաչու թռչող սարքի օգնությամբ աղետի գոտի իջեցնել՝ դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման համար, ինչպես նաև օգտագործել Լուսնի և Մարսի վրա:

Առաջին նախատիպերի փորձարկումները նախատեսվում են 2023 կամ 2024 թվականին, իսկ զանգածային արտադրությունը կսկսվի մոտ հինգ տարի անց: