Nissan ճապոնական ավտոարտադրող կորպորացիան հայտարարել է, որ բանակցություններ չի վարում Apple տեխնոլոգիական ընկերության հետ, գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ կորպորացիայի հայտարարությունն արվել է այն լուրերի ֆոնին, ըստ որոնց՝ վերջին ամիսներին Apple-ը դիմել է ճապոնական ընկերությանն իր ինքնակառավարվող մեքենայի նախագծի առնչությամբ:
«Մենք Apple-ի հետ բանակցություններ չենք վարում: Այնուամենայնիվ, մեր ընկերությունը միշտ բաց է ուսումնասիրելու համագործակցության հեռանկարները՝ արդյունաբերության վերափոխումը արագացնելու համար», – ասել է Nissan-ի խոսնակը:
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ ընկերությունները կարճ քննարկումներ են ունեցել, որոնք խարխլվել են Nissan-ի`Apple- ի ապրանքանիշի մեքենաների հավաքիչ դառնալու մտադրություն չունենալու պատճառով:
Նշենք՝ Apple ընկերությունը նախատեսում է ստեղծել ինքնակառավարվող մեքենա, որը վաճառքի կհանվի 2024 թվականին: