ԱՄՆ–ն ու Իսրայելը թարմացված ՀՕՊ համակարգ են նախագծում

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համատեղ մշակում են հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ, որը կարող է թիրախավորել և վերացնել սպառնալիքները մթնոլորտում և տիեզերքում, տեղեկացրել են երկու երկրների պաշտոնյաները, հայտում է almasdarnews.com–ը:

«Arrow 4 համակարգը ներկայացնում է էնդո-էկզոմթնոլորտային հրթիռ որսացող սարքերի հաջորդ սերունդը և կյանքի կկոչվի աստիճանաբար», — ասել են պաշտոնյաները՝ հավելելով, որ այն կփոխարինի Arrow 2 և 3 համակարգերը: Arrow 4 համակարգի ստեղծման նախագիծն Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կազմակերպության (IMDO) և ԱՄՆ–ի հակահրթիռային պաշտպանության գործակալության (MDA) անմիջական համագործակցությունն է:

Չնայած պաշտոնյաները հատուկ սպառնալիքներ չեն առանձնացրել, որոնք նոր համակարգի նախագծման դրդապատճառ են դարձել, ակնհայտ է, որ Arrow 4-ը մշակվում է Իրանի դեմ, որը պարբերաբար սպառնացել է Իսրայելի գոյությանը և շարունակում է աշխատել իր առաջատար հրթիռային ծրագրերի վրա:

«Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք մշակել ենք հակահրթիռային պաշտպանության համակարգի առավել առաջատար դասերից մեկը՝ կառուցված մարտականորեն ապացուցված չորս գործառնական շերտերից», — ասել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կազմակերպության տնօրեն Մոշե Պատելը և հավելել,–«Այս հնարավորություններն անընդհատ կատարելագործվում են ի հայտ եկող սպառնալիքների դեմ, Arrow 4-ը կունենա թռիչքի և որսալու ակնառու կարողություններ և կշարունակի ապահովել Իսրայել պետության անվտանգությունը»:

Tert.am