ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) կասկածներ ունի 2024 թվականին տիեզերագնացների՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու ծրագրերի իրագործելիության վերաբերյալ: Դրա հնարավորությունը գնահատել է ՆԱՍԱ-ի տնօրենի պաշտոնակատար Սթիվ Յուրչիկը ArsTechnica գործակալությանը տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ ծրագիրն իրականություն դարձնելու հիմնական խնդիրը թերֆինանսավորումն է:
«2024 թ.-ին Լուսնի վրա վայրէջք կատարելու նպատակը կարող է այլևս իրատեսական չլինել վերջին երկու տարիների ֆինանսական հատկացումների պատճառով, որոնք բավարար չեն 2024-ին այդ նպատակն իրագործելի դարձնելու համար», – բացատրել է Յուրչիկը:
Նա հավելել է նաև, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սատարում է «Արտեմիս» ծրագրի նպատակներին:
«Մենք անհամբեր սպասում ենք հետագա քայլերին: Մենք մտադիր ենք ամբողջությամբ ապահովել այս ծրագրի հիմնական նպատակի շարունակականությունը», – ասել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:
Հիշեցնենք՝ «Արտեմիս» ծրագիրն ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող տիեզերական թռիչքների միջազգային ծրագիր է, որի նպատակն է «առաջին կնոջ, ինչպես նաև արական սեռի հերթական ներկայացուցչին» իջեցնել Լուսնի վրա, մինչև 2024 թվականը:
Tert.am