Համակարգիչների, հեռախոսների և ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող ամերիկյան Apple ընկերությունը յուրաքանչյուր երեքից չորս շաբաթը մեկ անգամ նոր ընկերություն է գնում, գրում է BBC-ն, նշելով՝ միայն վերջին 6 տարվա ընթացքում այն ձեռք է բերել շուրջ 100 ընկերություն:
Վերջին եռամսյակում ընկերությունը ավելի քան 111,4 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով եկամուտ է ունեցել, որի մի մասը, գործադիր տնօրեն Թիմ Քուքի խոսքով, «հիմնականում ուղղվել են տեխնոլոգիաներ և տաղանդներ ձեռք բերելուն»:
BBC-ի տվյալներով՝ վերջին տասնամյակում Apple-ի ամենամեծ ձեռքբերումը 3 միլիարդ դոլարով ռեփեր և պրոդյուսեր Դոկտր Դրեի կողմից հիմնադրված Beats Electronics ականջակալների արտադրող ընկերության գնումն է:
Մեկ այլ հիանալի գործարք է եղել 2018 թվականին երաժշտության ճանաչման համար նախատեսված Shazam ընկերության գնումը, որն արժեցել է 400 մլն ԱՄՆ դոլար:
Նշվում է՝ ամենից հաճախ, Apple-ը գնում է ավելի փոքր տեխնոլոգիական ընկերություններ, որոնց նորամուծությունները հետագայում ներառվում են սեփական արտադրանքի մեջ: Նման օրինակ է 3D ապրանքների ստեղծմամբ զբաղվող իսրայելական PrimeSense-ը, որի տեխնոլոգիան զգալի ներդրում է ունեցել Apple-ի FaceID-ի մշակման գործում:
Բացի այդ՝ Apple-ը ներդրումներ է կատարել նաև back-end ծրագրավորման տեխնոլոգիայի մեջ, որը նախկինում այնքան էլ տարածված չէր iPhone կամ Macbook օգտագործողների շրջանում:
Tert.am