Թուրքիան մշակում է արհեստական բանականությամբ «զինված» մարտական անօդաչու

Թուրքական Baykar Defense ընկերությունը սկսում է մարտական անօդաչու թռչող սարքերի կոնցեպտուալ նախագծերի մշակման աշխատանքները, հայտնում է Ahval-ը՝ վկայակոչելով վերլուծաբան և լրագրող Բուրաք Բեքդիլին:

Baykar Defense ընկերությունը, որը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնամի Բայրաքթար ընտանիքին, նախատեսում է կոնցեպտուալ նախագծման փուլն ավարտին հասցնել մինչև 2023 թվականը, երբ լրանալու է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը:

Ըստ վերլուծաբան Բեքդիլի, մարտական անօդաչու սարքը արհեստական բանականությամբ «զինված» կլինի, կկարողանա թռչել մոտ 12 կիլոմետր բարձրության վրա և մեկ տոննա զինամթերք կրել:

Baykar Defense ընկերությունը Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրողն է, որոնք լայնորեն օգտագործվել են անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմում, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում, որտեղ Թուրքիան զորքեր ու զինյալներ է տեղակայել:

Թուրքիայի տասնմեկերորդ զարգացման ծրագիրը, որ խորհրդարանի կողմից ընդունվել է 2019 թվականին, երկրի հարյուրամյակին ընդառաջ տեղական պաշտպանական արդյունաբերության համար հավակնոտ նպատակներ է սահմանում:

Tert.am