«Արմենպրեսի» կայքը չէին կոտրել․ ինչպե՞ս է «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությունը հայտնվել

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքն ադրբեջանցիները չեն կոտրել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կայքի անվտանգությամբ ու սպասարկումով զբաղվող ընկերության տնօրեն Վարդան Թորոսյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ «Արմենպրեսի» կայքը «կոտրել են», տեղադրել էին Իլհամ Ալիևի ելույթի տեսագրությունն ու գրություն՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։

«Կայքը չեն կոտրել, տեխնիկական պատճառներ են եղել, կայքի սերվերն անջատվել է շատ կարճ ժամանակով։ Կա Cloudflare համակարգ, որն, այսպես ասած, ընթերցողի ու կայքի սերվերի մեջտեղում է։ Երբ սերվերն անջատվել է, համակարգն իր հիշողությունից մի նկար է ցույց տվել»,- նշում է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ տեխնիկական խնդիրները լուսադեմին են եղել, և ոչ բոլոր օգտատերերի մոտ է նույն պատկերը եղել․ ոմանց մոտ պարզապես գրվել է, որ կայքն անհասանելի է։

Թորոսյանը նշում է՝ հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է համակարգը հիշողությունից հենց այդ պատկերը ցույց տվել։

Հիշեցնում է՝ հոկտեմբերին հայաստանյան բազմաթիվ լրատվական կայքեր կիբերհարձակումների ենթարկվեցին։ Այն ժամանակ էլ «Արմենպրեսի» կայքը չէին կոտրել։ Մասնագետը մանրամասնում է՝ կոտրել, նշանակում է կայքը վնասել, տեղեկատվություն այնտեղից գողանալ և այլն, բայց այդ ժամանակ էլ տեղի էր ունեցել DMS-ի վերահասցեավորում, արդյունքում կարճ ժամանակով «Արմենպրեսի» կայք այցելողները տեսել էին «Ղարաբաղն Ադրբեջան է» պատկերն ու Իլհամ Ալիևի ելույթի տեսագրությունը։ Հենց այդ պատկերն էլ այս անգամ հիշել է կայքի ու ընթերցողի, այսպես ասած, «միջնորդ» համակարգն ու ցույց տվել այն։