Microsoft-ը ժամանակավոր լուծում է առաջարկել Exchange Server ծառայության դեմ հաքերային հարձակումները կանխելու համար

Ամերիկյան Microsoft ընկերությունը ծրագիր է ներկայացրել, որը թույլ է տալիս կարգավորել Exchange Server փոստային ծառայությունում մարտին հայտնաբերված խոցելիությունը: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նոր ծրագրից օգտվել առաջարկվում է նրանց, ովքեր դեռ չեն թարմացրել ծրագիրը՝ խոցելիությունը վերացնելու նպատակով:

Ծրագիրն աշխատում է մեկ «քլիքով» և նախատեսված է ընկերությունների համար, որոնք չունեն սեփական IT թիմը և որոնք օգտվում են Exchange Server-ի հին տարբերակներից:

«Նոր գործիքը մշակվել է որպես ժամանակավոր լուծում այն հաճախորդների համար, որոնք ծանոթ չեն «փաթչինգի» և թարմացման գործընթացին»,- ասվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ: Բացի այդ, խորհուրդ է տրվում է ծրագրի օգտագործումից հետո ամբողջովին թարմացնել Exchange Server-ը:

Խոցելիությունն ընկերությունը բացահայտել էր Hafnium հանցահենների խմբի հարձակումներից հետո: ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը, Պենտագոնը և ներքին անվտանգության նախարարությունը մտահոգություն էին հայտնել կատարվածի առնչությամբ: Մարտի 11-ին տասնյակ հանցահեններ օգտվել էին տվյալ խոցելիությունից՝ ավելի քան 5000 փոստային ծառայություններ կոտրելու համար: Ռուսաստանում նման հարձակման էին ենթարկվել մոտ 40 ընկերություն:

http://tert.am