Apple կորպորացիան նախատեսում է թարմացնել iPad Pro շարքը`ապրիլին ներկայացնելով գաջեթի բարելավված պրոցեսորով նոր մոդելը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Ըստ գործակալության աղբյուրների՝ բացի կատարելագործված պրոցեսորից, պլանշետը հագեցած կլինի բարելավված տեսախցիկով:
Նորացված պրոցեսորը, ինչպես նշվում է, իր հզորությամբ չի զիջի նոյեմբերին ներկայացված M1-ին: Նոր մոդելը նման կլինի ներկայիս iPad Pro-ին, էկրանի չափերը նույնը կլինեն`համապատասխանաբար 11 դյույմ (մոտ 27,9 սմ) և 12,9 (32,7): Ընկերությունը մտադիր է նաև պլանշետի մեծ տարբերակը վերազինել mini-LED տեխնոլոգիայով, որը կպայծառացնի պատկերը և կբարելավի կոնտրաստի հարաբերակցությունը:
Նոր սարքի փորձարկման գործընթացում մշակողները օգտագործել են Thunderbolt միակցիչը: Սրա առկայությունը հնարավորություն կտա միացնել լրացուցիչ մոնիտորներ, արտաքին կոշտ սկավառակներ և այլ սարքեր:
Ընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: