Ռուսաստանում խարդախները թելեգրամյան բոտերն օգտագործում են հյուրանոցների առցանց ամրագրման ծառայությունների, անշարժ գույքի վարձույթների և նույնիսկ ճանապարհորդությունների ամրագրման նպատակով կեղծ հարթակներ ստեղծելու և դրանց միջոցով զբոսաշրջիկներին խաբելու, նրանցից գումար շորթելու համար:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Group-IB ընկերության թվային ռիսկերից պաշտպանության դեպարտամենտի հատուկ նախագծերի բաժնի ղեկավար Յակով Կրավցովը:
Նա նշել է, որ խարդախությունների աճն ընկերությունն արձանագրել է 2020-ի գարնանից ի վեր:
«Իրենց սխեմաներում խարդախները գրանցում են կեղծ հաշիվներ և, օգտագործելով հանցավոր խմբավորումների մշակած Telegram բոտերը, ստեղծում են ֆիշինգային էջեր», — ասել է Կրավցովը:
Նա բացատրել է, որ Telegram-ի բոտերը թույլ են տալիս ստեղծել առցանց ծառայությունների նույնական կլոնային էջեր՝ ուղևորության կամ այլ ծառայության դիմաց վճարման ձևով` ըստ նշված պարամետրերի:
«Համացանցի շատ օգտատերեր արդեն դարձել են նման խարդախության զոհ: Մեկ նման խարդախության արժեքն օգտատիրոջ համար արժենում է միջինում 500-1500 ռուբլի: Ինչ վերաբերում է ապրանքների գնմանը, ապա այս դեպքում հասցված վնասի չափը կարող է հասնել տասնյակ հազարավոր ռուբլիների», — ասել է փորձագետը:
Խարդախությունից խուսափելու համար, Group-IB-ն խորհուրդ է տալիս չհամաձայնել ծառայությունների դիմաց կանխավճար տրամադրելուն, ինչպես նաև նամակագրություն վարել միայն պաշտոնական կայքում կամ ծրագրում, քանի որ խարդախները հաճախ օգտատերերին ստիպում են այն վարել երրորդ կողմի ծառայությունների`ակնթարթային մեսենջերների միջոցով:
«Եթե կասկածելի կայք եք բացել, պետք է ուշադիր ուսումնասիրեք տիրույթի անունը: Շատ դեպքերում խարդախները գրանցում են այնպիսի դոմենների անուններ, որոնք շատ նման են հնչում իրական ապրանքանիշի անվանմանը», — բացատրել է Կրավցովը: