Facebook և Instagram սոցիալական ցանցերն այժմ ստիպված են iPhone հեռախոսների օգտատերերից թույլտվություն խնդրել՝ հետևելու նրանց գործունեությանն այլ հավելվածներում և այլ կայքերում, գրում է The Verge-ը` մանրամասնելով, որ պատճառը iOS օպերացիոն համակարգի նոր թարմացումն է:
Facebook-ը և Instagram-ը բացատրում են, որ օգտատերերի տեղեկատվությունն անհրաժեշտ է սոցիալական ցանցերը «ազատ» պահելու համար, սակայն իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, այսուհետ նրանք ստիպված են թույլտվություն ստանալ օգտատերերից:
iPhone-ի օգտատերերը, որոնք իրենց հեռախոսները թարմացրել են iOS 14.5 օպերացիոն համակարգով, այժմ ծանուցումներ են ստանում Facebook-ից և Instagram-ից: Apple-ի թարմացումը, որը թողարկվել է ապրիլի վերջին, սահմանում է, որ յուրաքանչյուր հավելված, այդ թվում` Facebook-ն ու Instagram-ը, որը ցանկանում է մուտք ունենալ և տվյալներ ստանալ օգտատիրոջ՝ այլ ծրագրերում և կայքերում ակտիվության մասին, պետք է թույլտվություն պահանջի այդ անելու համար:
Facebook-ը քննադատել է Apple-ի այս որոշումը: 2020-ի օգոստոսին սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ասել էր, որ iOS-ում նոր գործառույթ ներդնելուց հետո Facebook-ում գովազդի թիրախավորումը կդառնա 50 տոկոսից էլ պակաս արդյունավետ: Դեկտեմբերին ընկերությունը հայտարարել էր, որ Apple-ի նոր «առանձնահատկությունը» սպառնալիքներ է առաջացնում ոչ միայն Facebook-ի, այլև փոքր բիզնեսի համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2019 թվականին Facebook-ը, առանց որևէ պատճառաբանության, հրաժարվել էր «գրանցվելն անվճար է և միշտ այդպես կլինի» կարգախոսից, որը կարելի է տեսնել կայք մուտք գործելուն պես: