SpaceX-ը 2022-ին Լուսին կուղարկի Doge-1 արբանյակը, որի արձակման վճարումն արվել է Dogecoin թվային արժույթով

Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը տեղեկացրել է, որ ընկերությունը 2022 թվականին Լուսին կուղարկի Doge-1 արբանյակը, որի փոխադրման վճարն արվել է Dogecoin թվային արժույթով:

«Հաջորդ տարի SpaceX-ը դեպի Լուսին կարձակի Doge-1 արբանյակը: Առաքելության իրականացման վճարն արվել է Doge-ով: Առաջին թվային արժույթը տիեզերքում»,- թվիթերյան էջում գրել է Մասկը:

Արբանյակը պատկանում է կանադական Geometric Energy Corporation ընկերությանը, որը մտադիր է արբանյակն արձակել 2022 թվականի առաջին եռամսյակում Falcon 9 հրթիռակրի օգնությամբ: Doge-1-ը տեղեկություն է հավաքելու Լուսնի մասին:

Ապրիլին Մասկը հայտարարել էր Dogecoin-ը Լուսին ուղարկելու մտադրության մասին, ինչից հետո թվային արժույթի գինը ավելացել էր 30 տոկոսով:

http://tert.am