Որոնք են աշխարհի 15 ամենահզոր կիբերտերությունները. IISS

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS) զեկույց է պատրաստել, որում թվել է կիբերտարածությունում ռազմական ամենամեծ ներուժ ունեցող աշխարհի 15 երկրները։

Երկամյա հետազոտության շրջանակներում զեկույցի հեղինակները երկրների հնարավորություններն ուսումնասիրել են յոթ չափանիշներով՝ ռազմավարություն և դոկտրին, կառավարում, հրամանատարություն և վերահսկողություն, կիբեռհետախուզության հնարավորություններ, կիբեռտարածությունից կախվածություն, կիբեռանվտանգություն, կիբեռտարածքի հարցերում գլոբալ առաջատարություն, ինչպես նաև հարձակողական կիբեռնետիկ ներուժ:

Միացյալ Նահանգները դարձել է բոլոր չափանիշներով առաջին տեղը զբաղեցրած միակ երկիրը։ «Երկրորդ մակարդակի» երկրներն առավելություններ ունեն միայն մի շարք կատեգորիաներում․ այդ պետությունների թվում են Ռուսաստանը, Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Իսրայելը և Մեծ Բրիտանիան։

«Երրորդ մակարդակը», որը ներառում է Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ճապոնիան, Մալայզիան, Հյուսիսային Կորեան և Վիետնամը, ունի ուժեղ կամ պոտենցիալ առավելություն որոշ կատեգորիաներում, սակայն զգալի թերություններ՝ մյուս կատեգորիաներում։

Զեկույցից հետևում է, որ նույնիսկ Չինաստանը կիբեռհնարավորությունների առումով կկարողանա ԱՄՆ-ին հավասարվել ոչ շուտ, քան տասը տարի հետո, իսկ մյուս երկրները՝ շատ ավելի ուշ։

Մոսկվան, զեկույցի տվյալներով, թվայնացում է իրականացնում պետական կառավարման ոլորտում, սակայն երկիրը մեծապես կախված է տեխնոլոգիաների արտասահմանյան մատակարարներից:

Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանն իր կիբեռպոտենցիալն օգտագործում է «ծայրահեղական նպատակների», այդ թվում՝ «այլ երկրներում ռեժիմների փոփոխության հասնելու համար»։

Արևմտյան երկրներին, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, կարող է դժվար լինել դիմակայել Մոսկվային։

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը ֆինանսավորվում է հիմնադրամների, մենաշնորհների, կազմակերպությունների և Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և այլ երկրների քաղաքացիների կողմից: Այն ստեղծվել է 1958 թվականին և առաջին անգամ ուսումնասիրել է միջուկային զենքի տարածման, կանխարգելման և սպառազինությունների վերահսկման հարցերը: Այժմ խնդիրների շրջանակը շատ ավելի լայն է՝ պետությունների ռազմա-տնտեսական ներուժ, ռազմական դոկտրիններ ու աշխարհի երկրների զինված ուժեր։

Tert.am