Հայաստանի գյուղական դպրոցների 74 ուսուցիչ մասնակցել է համակարգչային գրագիտության բարձրացման անվճար դասընթացների

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են Հայաստանի 2 մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծի առաջին փուլի ավարտի մասին:

2012թ-ի փետրվարի 27-ից Հայաստանի 6 գյուղի 74 ուսուցչի համար կազմակերպվել են հատուկ համակարգչային դասընթացներ: Մանկավարժները ձեռք են  բերել համակարգչային նոր հմտություններ և ծանոթացել կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը:

«Այսօր համակարգիչներ կան շատ ընտանիքներում և բոլոր դպրոցներում, և մեր նախագծի նպատակն է, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կարողանան ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ստանալ նոր գիտելիքներ: Վստահ եմ, որ մեր համատեղ նախաձեռնության շնորհիվ ուսուցիչները կկարողանան կիրառել նոր մոտեցումներ կրթական գործընթացում, իսկ աշակերտները կստանան գիտելիքի նոր աղբյուրների հետ աշխատելու հնարավորություններ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շնորհակալ ենք «ԱրմենՏել»-ին՝ աջակցության համար։ Այսուհետ մեր ուսուցիչներն ավելի արդյունավետ կաշխատեն երեխաների հետ, քանզի այսօրվա ՙէկրանային՚ սերունդը ավելի լավ է սովորում, երբ տեխնոլոգիաներն օգտագործվում են ուսուցման գործընթացում՚,- Սերոբ Խաչատրյան, Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն։

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան և Արտենի գյուղերում: Երկրորդ փուլին կմասնակցի ևս 76 ուսուցիչ:

«ԱրմենՏել» ընկերության և  Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխգործակցությունն իրականացվում է երկարատև համագործակցության մասին հուշագրի շրջանակում: Փաստաթղթի համաձայն, «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական և սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը: