«Imagine Cup 2013» մրցույթի մրցանակային ֆոնդը կկրկնապատկվի

Microsoft ընկերությունը 2013թ-ին կկրկնապատկի իր ամենամյա ուսանողական նորարարական նախագծերի «Imagine Cup» («Երևակայության գավաթ») միջազգային մրցույթի մրցանակային ֆոնդը՝ հասցնելով 300 000 ԱՄՆ դոլարի: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղելով Microsoft-ի Ռուսաստանյան ներկայացուցչության նախագահ Նիկոլայ Պրյանիշնիկովին:

«Imagine Cup 2013» մրցույթը կանցկացվի Ռուսաստանում՝ Սանտկ Պետերբուրգում: Այս տարի Սիդնեյում անցկացվող մրցույթի հաղթողները կստանան 25, 10 և 5 հազ. դոլար մրցանակներ: 2013թ-ին այս մրցանակները կկրկնապատկվեն:

Պետք է նշել, որ միայն մրցույթի գլխավոր փուլի անցկացման համար ընկերությունն ամեն տարի ծախսում է միլիոններ: Ծախսերի մի մասը հոգում են գործընկերները: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են Microsoft-ի ներկայացուցիչները: Այս տարի գլխավոր գործընկերոջ դերում էր Coca-Cola ընկերությունը:

«Երևակայության գավաթ» մրցույթին 10 տարում մասնակցել են 1.7 մլն ուսանողներ 190 երկրներից: Այս տարի Սիդնեյում կայացած գլխավոր փուլին մասնակցում էր 106 թիմ աշխարհի 75 երկրներից: Մրցույթի մասնակիցների առաջադրանքն է ստեղծել տեխնոլոգիաների կիրառմամբ այնպիսի նորարար գաղափարներ, որոնք կօգնեն ժամանակակից կյանքի գլոբալ խնդիրների լուծմանը: