Twitter-ը թույլ կտա ներբեռնել գրառումների արխիվը

Twitter միկրոբլոգը նախագծում է ֆունկցիա, որը թույլ կտա օգտագործողներին ներբեռնել կատարած բոլոր թվիթերի (գրառումների) արխիվը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղելով Twitter-ի ղեկավար Դիք Կոստոլոյին:

Նրա խոսքով, գրառումների պատմությունը հասանելի է լինելու առանձին ֆայլի տեսքով: Իսկ թե երբ հասանելի կլինի այս նորույթը, Կոստոլոն չի նշել:

Այսօր Twitter-ը հնարավորություն է տալիս դիտել ընդամենը մի քանի հազար վերջին կատարված գրառում: Պետք է նշել, որ այլ ճանաչված սոցցանցեր, ինչպիսին Facebook-ը կամ Google+-ը, արդեն թույլ են տալիս օգտագործողներին ներբեռնել սոցցանցում կատարած գործունեության պատմությունը:

Հիշենք, որ Twitter-ը գործարկվել է 2006թ.: Վեց տարի անց միկրոբլոգի լսարանը կազմել է 140 մլն. օգտագործող: Վերջիններս օրական կատարում են մոտ 400 մլն. թվիթ: