Ինչպե՞ս ստուգել գաղտնաբառի ապահովությունը

Վերջին շրջանում օրեցօր ավելանում են մի շարք խոշոր ծառայություններին ուղղված հաքերային հարձակումները: Հաքերները հափշտակում են օգտագործողների գաղտնաբառերը և տիրանում վերջիններիս անձնական տվյալներին: Հիշենք, որ վերջերս հաքերները հարձակվել էին Yahoo Voices, Formspring, Last.fm, eHarmony, LinkedIn, AndroidForums և Dropbox ծառայությունների վրա:

Եվ չնայած այս ամենին, շատերը շարունակում են պահպանել իրենց բանկային տվյալները՝ վստահելով “123456” և նման այլ պարզունակ գաղտնաբառերին:

Այսօր արդեն կրկին «մոդայիկ են» գաղտնաբառերի ապահովությունը ստուգող կայքերը: Դրանցից մեկն է www.howsecureismypassword.net կայքը:

Այս կայքն օգտագործողին հայտնում է ոչ միայն գաղտնաբառի անվտանգության աստիճանը, այլև թե ինչն է սխալ գաղտնաբառում: Կայքը նշում է, որ սխալ և վատ ընտրված գաղտնաբառերի դեպքում այն կհայտնվի հեշտ հափշտակվողների շարքում: Եվ այսպես պարզ է դառնում, որ միայն թվերից բաղկացած գաղտնաբառը վստահելի չէ: Շատերը տխրում են՝ իմանալով, որ իրենց մտածած «յուօրինակ» գաղտնաբառն ամենատարածվածների շարքում է:

HowSecureIsMyPassword.net-ը հայտնում է նաև, թե որքան ժամանակ է պահանջվում ընտրած գաղտնաբառը կոտրելու համար: