Apple սարքերում կբացակայի YouTube-ը

YouTube տեսապորտալի բջջային ծրագիրը բացակայելու է iOS 6 օպերացիոն համակարգից: Այս մասին հայտնում է 9to5Mac-ը: Տեխնոբլոգի տվյալներով, iOS 6-ի թեստային տարբերակը չի պարունակում YouTube ծրագիրը:

Հիշենք, որ YouTube-ը մշտապես եղել է լռելյայն ծրագիր iOS ՕՀ-ում՝ սկսած 2007-ից՝ iOS-ի առաջին տարբերակի թողարկումից: «YouTube-ին տրված լիցենզիայի ժամկետն ավարտվել է»,- պարզաբանել է Apple-ը The Verge-ին:

Եվ չնայած որ YouTube-ը չի լինի լռելյայն iOS 6-ում, այնուամենայնիվ, օգտագործողները կկարողանան այցելել տեսապորտալ Safari բրաուզերից: Բացի դրանից, Apple-ի տեղեկացմամբ, Google-ը նախագծում է նոր YouTube ծրագիր iOS-ների համար, որը հասանելի է լինելու օնլայն խանութ App Store-ում:

Հնարավոր է, որ YouTube-ից հրաժարվելու իրական պատճառն այն է, որ Apple-ն այլևս չի ցանկանում Google-ի որևէ արտադրանք տեսնել իր iOS սարքերում: Հիշենք, որ մայիսին Apple-ը հրաժարվեց Google Maps ծրագրից:

Հիշենք, որ iOS 6-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի սեպտեմբերի վերջում:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր