Beeline բաժանորդները պահանջում են զրկել «ԱրմենՏել»-ին լիցենզիայից

Facebook սոցցանցի օգտագործողներից Զոհրաբ Եգանյանը երեկ տարածել է բաց նամակ՝ ուղղված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Նամակում օգտագործողները պահանջում են զրկել «ԱրմենՏել» ընկերությանը լիցենզիայից կամ պահանջել կատարել տեխնիկական վերազինում և փոխհատուցում:

Հիշենք, որ երեկ ժամը 17:30–ից մինչ 24:00-ն «ԱրմենՏել»-ի բջջային կապի բաժանորդների մի մասը տեխնիկական խափանումների պատճառով չէր կարողանում կատարել հեռախոսազանգեր:

Այս բաց նամակին միացել են մի շարք Facebook օգտագործողներ:

ittrend.am-ի հետ զրույցում «ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը հայտնեց, որ ծրագրային խափանում էր եղել.«Դա սահմանափակ բնույթ էր կրում: Այժմ կատարվում է հետաքննություն»: Նրա խոսքով, ընկերության համակարգերը 24 ժամ գտնվում են մոնիթորինգի տակ և վերահսկվում կապալառուների կողմից: «Մեր համակարգերը անընդհատ թարմացվում են: Դրանք սերտիֆիկացված են»,-ընգծեց նա:

Անուշ Բեղլոյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել Facebook օգտագործողների բաց նամակը:
Թե արդյո՞ք կփոխհատուցի ընկերությունը տուժած բաժանորդներին, Անուշ Բեղլոյանը տեղեկացրեց, որ որոշում լինելու դեպքում  կհայտարարվի այդ մասին: