Google Translate-ով հնարավոր է թարգմանել լուսանկարում պատկերված տեքստը

Google ընկերությունը թարմացրել է իր Google Translate ծրագրի Android տարբերակը՝ ավելացնելով լուսանկարներում պատկերված տեքստերի թարգմանության հնարավորություն:

«Այժմ Google Translate-ով Դուք կարող եք ձեր լուսանկարած պատկերում ընտրել թարգմանության համար անհրաժեշտ մասը և թարգմանել», – գրված է ծրագրի նկարագրության էջում:

Այս նոր ֆունկցիան օգտակար կարող է լինել հատկապես ճանապարհորների համար: Օրինակ՝ հնարավոր կլինի լուսանկարել ճանապարհային նշանը կամ որևէ այլ հայտարարություն և թարգմանել այն:

Ֆունկցիան առայժմ հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, պորտուգալերեն, թուրքերեն, չեխերեն, հոլանդերեն և ռուսերեն լեզուների համար և միայն Android սարքերում:

Բաժիններ: Համացանց և կապ