Հայաստանում մեկնարկել է «StartUp Cup» բիզնես-մոդելի մրցույթը

Հայաստանում մեկնարկել է «StartUp Cup» (Ստարտափների առաջնություն) բիզնես-մոդելի մրցույթը, որի նպատակն է նոր աշխատատեղեր ստեղծել: Այս մասին տեղեկացնում է կազմակերպիչ Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան:

Ստարտափների առաջնությունը նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական և տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն և կուղղորդեն տեղի շուկայում թրծված փորձառու մասնագետները:

«Այս նախաձեռնությունը մեծ հնարավորություն է Հայաստանի ձեռներեցների համայնքի համար: Ամենակարեւորն այն է, որ սա ձեռներեցական միջավայր ձևավորելու փորձված և գործուն մոդել է: Ավելին, նախագծի առավելությունը աշխարհի տարբեր երկրներում անցկացվող Ստարտափների առաջնությունների կազմակերպիչների հետ կապ հաստատելու հնարավորությունն է»,- ասում է ծրագրի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը:

Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչն է Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, նախաձեռնությանը աջակցում են նաև Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկատիրութան և կառավարման զարգացման կենտրոնը:

Ստարտափների առաջնության հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին՝ Գլոբալ ձեռնարկատիրական շաբաթվա ընթացքում կայանալիք մրցանակաբաշխությանը:

Մրցութային նախագծերը կարելի է ուղղարկել armenia.startupcup.com կայքից մինչև սեպտեմբերի 7-ը: