Այսօր մարսագնացը կկատարի իր առաջին քայլերը

Այսօր մարսագնաց Curiosity-ն առաջին անգամ կփորձի շարժվել մի քանի մետր Մարսի մակերեսով՝ հայտնվելու նոր տեղում: Այս մասին հայտնում է Մարս առաքելության ղեկավար Մայքլ Ուոտկինսը:

Պատմության մեջ ամենամեծ մարսագնաց Curiosity-ն բարեհաջող վայրէջք կատարեց Մարս մոլորակ օգոստոսի 6-ին: Այժմ մարսագնացը փորձարկում է իր սարքավորումները՝ պատրաստվելու հետազոտագիտական առաքելությանը:

Ուոտկինսի խոսքով փորձարկման փուլը բարեհաջող է անցնում, մասնավորապես, մասնագետները ստուգել են, թե ինչպես են պտտվում է մարսագնացի ակները:

Curiosity ամենագնացը կշռում է մոտ 900 կիլոգրամ: Այն հագեցած է 10 գիտական սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել երկրաբանական ուսումնասիրություններ, հետազոտել մոլորակի կլիման և մթնոլորտը, փնտրել օրգանական նյութեր և ջրի հետքեր, պարզել արդյոք մոլորակը երբևէ պիտանի է եղել  կամ արդյոք կարող է պիտանի լինել ապրելու համար: