«Օրանժ Արմենիա»-ն Հայաստանում կատարել է 290 մլն եվրո ներդրում

Այսօր «Օրանժ Արմենիան» ներկայացրեց նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին, ով կգլխավորի ընկերությունը սեպտեմբերի 3-ից:

Ֆրանս Տելեկոմ-Օրանժ Խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինն ամփոփեց ընկերության առաջին տնօրեն Բրունո Դյութուայի 2009-ի հունվարից մինչ օրս կատարած աշխատանքը:

«Մեր նպատակն էր Հայաստան բերել նորարարություններ: Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր Օրանժ Արմենիան ամենասիրելի բրենդն է Հայաստանում: Մենք միակ օպերատորն ենք, որ մատուցում է 42մբ/վ արագությամբ շարժական ինտերնետ: Մենք առաջինն ենք, որ Հայաստան բերեցինք մատչելի գներով հեռախոսներ և սմարթֆոններ՝ սկսած 1 դրամից՝ բաժանորդագրությունների ծառայության շնորհիվ»,- ասաց նա և թվարկեց ընկերության՝ Հայաստանում ներդրած մի շարք այլ նորարարւթյունները:

Բենուա Շինի խոսքով, մինչև օրս Ֆրանս Տելեկոմը Հայաստանում կատարել է 290 մլն եվրոյի ներդրում: Այսօր «Օրանժ Արմենիա»-ն ունի 600 000 բաժանորդ:

Բրունո Դյութուան իր հրաժեշտի խոսքում շնորհակալություն հայտնեց Օրանժ թիմին, հայերին, Հայաստանի իշխանություններին: Ազգությամբ ֆրանսիացի նորանշանակ տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը 2003-2006թթ-ին ղեկավարել է Օրանժ Մոլդովան, վերջին 4 տարիներին զբաղեցրել է Ֆրանս Տելեկոմ Խմբի եվրոպական շուկաների գնումների և մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով, Հայաստանում առաջին անգամ չէ, եղել է 30 տարի առաջ: