Samsung-ը մետաղադրամներով տուգանք չի վճարել Apple-ին

Պարզվում է, որ Samsung-ի կողմից 1մլրդ. դոլար տուգանքը մետաղադրամներով Apple -ին վճարելու պատմությունը հորինված է: Այս մասին գրում է The Guardian-ի լրագրող Չարլզ Արթուրն իր բլոգում:

Հիշենք, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի դատարանը որոշում ընդունեց այն մասին, որ Samsung-ը պարտավորվում է վճարել Apple ընկերությանը ավելի քան 1մլրդ. դոլարի տուգանք՝ 6 արտոնագիր խախտելու համար: Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են դատարանի որոշումը բողոքարկելու մասին և այս որոշումը կարող է ուժի մեջ մտնել միայն սեպտեմբերի վերջում:

Ի սկզբանե այս պատմությունը հայտնվել է El Deforma մեքսիկական կայքում, որը հրապարակում է այսպես կոչված «կեղծ» նորություններ: Հրապարակված նյութում նշվում էր, թե Samsung-ն ավելի քան 30 բեռնատար բարձել է 1մլրդ. դոլարի մետաղադրամներով և ուղարկել Apple-ի գլխավոր գրասենյակ:

Այս նորության հրապարակումից հետո 9Gag.com կայքը ստեղծում է համապատասխան կոմիքս: Ապա այն հրապարակում է Paper Blog-ը՝ նշելով նյութի վերջնամասում, որ նորությունը հումորային է և «կեղծ»: Այս տեղեկությունն արագորեն տարածվում է բլոգոսֆերայում, այդ թվում մի քանի տեխնոլոգիական կայքերում:

Անգամ եթե Samsung-ը վճարեր տուգանքը մետաղադրամներով, Apple-ը իրավունք կունենար հրաժարվելու, քանի որ չկա օրենք, որը կստիպի մասնավոր ընկերությանը ընդունել վճարումներ մետաղադրամների տեսքով: Եվ քանի որ չկա համապատասխան օրենք, ընկերությունն ինքը կարող է որոշել այս հարցում իր քաղաքականությունը:

Բացի դրանից, բլոգեր Կեն Թինդելը կատարել է հաշվարկ և պարզել, որ 5 ցենտ մետաղադրամներով 1մլրդ. դոլարի տեղափոխման համար անհրաժեշտ է լինելու 2755 18-ակնանի բեռնատար մեքենա: Բացի դրանից, այդ գումարը ստանալու համար անհրաժեշտ է 20 մլրդ. մետաղադրամ: