«ԱրմԹեք 2012»-ը կանցկացվի նոյեմբերի 14-15-ը Սիլիկոնյան հովտում

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտնեց լրագրողներին, որ 5-րդ ամենամյա «ԱրմԹեք 2012» համաժողովը կանցկացվի նոյեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում:

Նրա խոսքով այս տարի «ԱրմԹեքը» հոբելյանական է և անցկացվելու է բարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո և պետական հատվածի ակտիվ մասնակցությամբ:

Համաժողովի ֆինանսավորումն այս տարի կազմում է 150 000 դոլար, որից 10-15%-ը (15-17հազ. դոլար) պետությունն է տրամադրում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, համաժողովը կառանձնանա նորարարություններով: «Նախևառաջ, այն անցկացվելու է տեխնոլոգիական հայտնի համալսարան Սթենֆորդում: Ֆորմատում նույնպես փոփոխություններ կան: Նոյեմբերի 14-ին Intel, hp և այլ ընկերություններից մի շարք հեղինակավոր բանախոսներ հանդես կգան ներկայացումներով: Իսկ 2-րդ օրը կլինեն այցելություններ ճանաչված ընկերությունների գրասենյակներ»,- ընդգծեց նա:

Բագրատ Ենգիբարյանը հավելեց, որ համաժողովին Հայաստանը կներկայացվի որպես տարածաշրջանում տեխնոլոգիական երկիր, ինչպես նաև կներկայացվի, թե ինչ հնարավորություններ կունենան արտասահմանյան ընկերությունները՝ բացելով Հայաստանում մասնաճյուղ:

Այս տարի համաժողովին մասնակցությունն անվճար է: