Արմավիրի մարզի ուսուցիչները կարևորում են ՏՏ օգտագործումը կրթական ոլորտում

«ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Արմավիրի մարզի Լեռնագոգ և Մյասնիկյան գյուղի ուսուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական  տեխնոլոգիաների օգտագործման, դրանց կիրառումով ուսումնասիրվող նյութերի յուրացման արդյունավետության աստիճանի բարձրացման, ինչպես նաև ուսուցիչների ինքնակրթման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնակիցները ընդգծել են գյուղերում նման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, քանի որ ժամանակակից իրողության մեջ կարևոր է ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտելիքների հավասար հասանելիությունը:

Ուսուցիչները կարևորել են համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրի իրականացումը, քանի որ մանկավարժների մասնագիտա­կան պատրաստվածության, մեթոդական կարողությունների և հմտությունների մակարդակով է պայմանավորված աճող սերնդի ոչ միայն կրթվածության ցուցանիշը, այլև արժեհամակարգը:

Նշենք, որ «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագիրն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև ստորագրված երկարատև փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Այս տարի ծրագիրն իրականացվել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղում, որի ընթացքում ավելի քան 100  ուսուցիչ, անցնելով համապատասխան դասընթացներ, ձեռք բերեցին հիմնական համակարգչային գիտելիքներ, ծանոթացան ինտերնետում աշխատելու և տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին: