Գերմանիայում կդադարեցվի Motorola սարքերի վաճառքը

Գերմանիայի դատարանը դատական արգելք է սահմանել Motorola ընկերության մի շարք սմարթֆոնների և պլանշետների վաճառքի վրա: Սա «արտոնագրային պատերազմում» Apple ընկերության հերթական հաղթանակն է, գրում է Arstechnica կայքը:

Մասնավորապես, դատարանն արգելել է վաճառել Motorola Milestone XT720, Motorola Defy, Motorola Atrix և Motorola Xoom սարքերը: Motorola-ին առաջարկվել է կամ դադարեցնել վերոհիշյալ արտադրանքների վաճառքը կամ թարմացնել ծրագրային ապահովումն այնպես, որ  այն չխախտի Apple-ի արտոնագրերը:

Motorola-ն, իր հերթին, ևս մեղադրում է Apple-ին իր երկու արտոնագրերի խախտման մեջ:

Հիշենք, որ օգոստոսին Apple-ը «արտոնագրային պատերազմում» տարավ իր ամենամեծ հաղթանակը երբևէ: Դատարանը որոշեց, որ Samsung ընկերությունը պետք է վճարի 1.05մլրդ. դոլար տուգանք «խնձորային» հսկային: