ՎիվաՍել-ՄՏՍ-ը ճանաչվել է «լավագույն գործատու»

«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 2012թ. ազգային մրցանակաբաշխության ժամանակ, փորձագետների և հասարակության շրջանում կազմակերպված հարցումերի արդյունքում, խորհուրդը «լավագույն գործատու» անվանակարգում 2012թ.-ին հաղթող է ճանաչել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գնահատվել է հատկապե՛ս հասարակության խոցելի խմբերի համար Հայաստանում աշխատաշուկա ստեղծելու մշակույթի առաջամարտիկը լինելու համար: Ընկերության ավելի քան 1200 աշխատակիցներից 36-ը հատուկ կարիքներով մարդիկ են:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսն, ի սկզբանե, կառավարվում է երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու տրամաբանությամբ` համբերատար առաքինությամբ դառնալով մասնավորի գործունեության օրինակ Հայաստանում: Մեզ հաջողվում է լինել առաջամարտիկ` նվիրված աշխատակազմի շնորհիվ: Մենք վստահ ենք, որ իրական ուժը գործի հանդեպ նվիրումն ու հավատարմությունն է: Իսկ այդ նվիրումը գնահատելու իրավունքը հասարակությանն է», – նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախորդ տարի ազգային այս մրցանակաբաշխության ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաղթող է ճանաչվել «Կորպորատիվ պատասխանատվության ազգային փարոս» անվանակարգում: