Դիտակ գյուղում բացվել է Orange համակարգչային սրահ

Այսօրվանից Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի 86 աշակերտների տրամադրության տակ կլինի Orange-ի գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական սրահ: Այս մասին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա» ընկերության մամլո ծառայությունից:

Դիտակի դպրոցի համակարգչային սրահը համալրված է 4 համակարգչով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը դպրոցին հնարավորություն է տալու ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել համակարգչային դասընթացները, այլ նաև դպրոցական ծրագրի այլ առարկաների ուսուցումը կազմակերպել նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև կապի մեջ լինել աշխարհի հետ: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 1.5 միլիոն դրամ:

«Orange-ը հեռահաղորդակցության ընկերություն է, և մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս համակարգչային սրահը թույլ կտա բոլոր երեխաներին, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը, օգտվել և համակարգչից, և լայնաշերտ ինտերնետից», – նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: