«ԱրմենՏել»-ը եռակի նվազեցնում է VPN ծառայության սակագները

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է VPN ծառայության (Virtual Private Network –վիրտուալ մասնավոր ցանց) սակագների նվազեցման մասին: 1Մբ/վ թողունակությամբ վիրտուալ ցանցից օգտվելու սակագնային փաթեթի ամսական վճարը նախկին 44000 դրամի փոխարեն այժմ 15000 դրամ է:

20Մբ/վ-ից ավել թողունակություն ունեցող մասնավոր ցանցում յուրաքանչյուր մեկ մեգաբիթի արժեքը կազմում է 10000 դրամ նախկին 24450 դրամի փոխարեն: Սակագնային փաթեթի արժեքը կախված չէ միացման տեխնոլոգիաներից և նույն է ինչպես Ethernet, DSL այնպես էլ օպտիկամանրաթելային մալուխի միացման պարագայում:

VPN (Virtual Private Network –վիրտուալ մասնավոր ցանց) են անվանում այն տեխնոլոգիան, որը հնարավորություն է ընձեռում ապահովել մեկ կամ մի քանի կետի ցանցային միացումներ` օգտագործելով օպերատորի ենթակառուցվածքը և ինտենետ ցանցը: Ծառայությունը թույլ է տալիս մեկ ցանցում համախմբել միմյանցից հեռու գտնվող սերվերային հարթակները, համակարգիչները, նոութբուքերը, սմարթֆոները և այլ ցանցային սարքեր:

VPN ծառայության սակագնային փաթեթների սակագների, միացման վճարների և տրամադրման կարգի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ  www.beeline.am կայքում: