ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում բացվել է Wi-Fi անկյուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը համալրել է 12 նոր` առավել հզոր համակարգիչներով, ինտերնետ հասանելիությամբ լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով: Կրթական այդ լաբորատորիայում տեղադրված է լազերային տպիչ, դասախոս-ուսանող արդյունավետ հաղորդակցությանը նպաստող ինտերակտիվ գրատախտակ իր լուսարձակով և`  փոխանջատիչ: Համալսարանի ՏՏ լաբորատորիայում կգործի նաև Wi-Fi անկյուն: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Հիշենք, որ այս նախաձեռնությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու ծրագրի շրջանակում: Ընկերության հետ համագործակցող 29 բուհից արդեն 16-ն ապահովված են տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով: Բուհերում հարմարավետ ուսումնական միջավայր ստեղծելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ  ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառումը հավասարապես կարևոր է մարզերում: